Педагогика света · перевод

Լույսի մանկավարժություն

1. Երեխան Աստված է

Երեխան Աստված է։ Մենք ապրում ենք երեխայի համար։ Իսկ երեխան ապրում է՝ ապրելու համար։ Մեր խնդիրն է այնպես անել, որ երեխան ապրի, օգնել նրան ոտքի կանգնել, օգնել լինել ինքն իրեն։

Երեխան ինքնուրույն անհատականություն է՝ իր ցանկություններով, կարիքներով, հակումներով, հայացքներով, զգացմունքներով և սեփական ներաշխարհով։

Երեխան անձեռնմխելի է։ Երեխայի համար կենտրոնը հենց ինքն է։ Ուստի մենք պետք է ապրենք ու աշխատենք նրա համար, ոչ թե այնպես, ինչպես հարմար է մեծահասակին, ինչպես կուզենար մեծահասակը կամ ինչպես ինչ-որ մեկն ասել է, թե պետք է լինի։

Մենք պարտավոր ենք սիրել երեխային։ Նրա կարծիքը պետք է նշանակություն ունենա։ Նրա զգացմունքները նշանակություն ունեն։

Երեխայի կարիքներն ու ցանկությունները պետք է հարգել ոչ թե այնպես, ինչպես դրանք հասկանում ենք մենք՝ մեծահասակներս, այլ այնպես, ինչպես դրանք տեսնում և զգում է հենց երեխան։ Մենք պետք է անդադար ինքներս մեզ հարցնենք. «Ինչպե՞ս անել, որ լավ լինի երեխայի համար, ոչ թե ինձ՝ մեծահասակիս համար»։

Մենք պետք է զարգացնենք երեխայի արդեն ունեցած հատկությունները, նրա կարողությունները, հետաքրքրությունները, հակումները, նրա սեփական անհատականությունը, այլ ոչ թե նրանից կերտենք այն մարդուն, ում կուզենային տեսնել մեծահասակները։

Երեխային վերաբերող որոշումներ ընդունելիս նրա կարծիքը պետք է հաշվի առնվի։ Խրախուսելի են երեխայի հետ զրույցները՝ պարզելու նրա կարծիքը այս կամ այն հարցի շուրջ, հասկանալու, թե ինչ է նա ուզում, ինչպես է ուզում ապրել իր կյանքը, ով է ուզում լինել։

Երեխան ո՛չ ստրուկ է, ո՛չ հնազանդ էակ, ո՛չ էլ նյութ, որից մեծահասակն իրավունք ունի կերտելու այն, ինչ կամենա։ «Ձայնդ կտրի՛ր ու արա՛ այն, ինչ քեզ ասում են» ավտորիտար բանաձևն անթույլատրելի է։ Փոքր էակին մեկ ուրիշի հրամաններին բռնի ենթարկելը ոչ այլ ինչ է, քան բռնություն Աստծո նկատմամբ։

2. Ներաշխարհը գիտելիքից ավելի կարևոր է

Գլխավորը երեխայի ներսի լույսն է՝ որ երեխայի աչքերը փայլեն։

Երեխայի համար ամենակարևորն այն է, որ իրեն սիրեն, որ ինչ-որ մեկին պետք լինի, որ ինչ-որ մեկը հասկանա իրեն, որ կողքին լինեն մարդիկ, որոնց մոտ կարող է գնալ, պատմել, ինչ-որ բան կիսել։ Ծնողների, ընկերների, մյուս երեխաների հետ հարաբերությունները, անձնական հարաբերությունները՝ անհատականության հիմքն են։

Ոչ ոքի պետք չլինելը մարդկային կյանքի գլխավոր պատուհասներից մեկն է։ Այն զգացումը, որ երեխան պետք չէ մյուս երեխաներին ու մեծահասակներին, կարող է կաթվածահար անել նրա ներքին կյանքը, խեղել նրա հոգին, հասցնել այն վիճակին, երբ նա չգիտի՝ ինչպես ապրի, կամ չի ուզում ապրել։ Այդ պատճառով դպրոցի և ուսուցչի առաջին խնդիրն է զբաղվել երեխաների ներաշխարհի ձևավորմամբ՝ օգնել նրանց ընկերներ գտնել, հասկանալ սեփական զգացմունքները, արտահայտել իրենց, հասկանալ իրենց և մյուս մարդկանց։ Եվ միայն դրանից հետո կարելի է խոսել գրքերի, պատմության, մշակույթի, բնական գիտությունների և մնացած ամեն ինչի մասին։ Մեծահասակները պետք է հարցնեն. «Ի՞նչ կա երեխայի սրտում։ Նա ցավ զգո՞ւմ է։ Մենա՞կ է։ Ընկերներ ունի՞։ Զգո՞ւմ է, որ ինչ-որ մեկին պետք է։ Ազա՞տ է։ Կարողանո՞ւմ է պաշտպանել իր կարծիքը»։

Դպրոցը պետք է զբաղվի երեխաներով, ոչ թե երեխաների մասին հաշվետվություններով։

3. Ուսուցում փորձառության, հետաքրքրության և ապրումի միջոցով

Գիտելիքը մարդու աշխարհ պետք է մտնի ապրած փորձառության միջոցով՝ հետաքրքրության, խաղի, հետաքրքրասիրության, մրցակցության, ուրիշի հետ շփման միջոցով։ Երեխան չպետք է միայն ինչ-որ բան լսի կամ կարդա։ Նա պետք է տեսնի, փորձի, անի, ուսումնասիրի, համեմատի, քննարկի, սեփական ձեռքերով ինչ-որ բան կառուցի, խաղա, ստուգի՝ մի խոսքով՝ ապրի դա։ Մենք ամեն կերպ խրախուսում ենք համատեղ գործունեությունը, հանելուկները, չլուծված խնդիրները, այն հարցերը, որոնց դեռ պատրաստի պատասխան չկա, խաղերը, ուսումնասիրությունները, փորձերը, սեփական ձեռքերով ինչ-որ բան ստեղծելը։

Երեխաների հետ պետք է հետաքրքիր պարապմունքներ անցկացնել։ Գիտելիքը չպետք է խցկել մարդու գլուխը։ Սպառնալիքներով, նվաստացմամբ ու բղավոցներով գիտելիքը մարդու մաս չի դառնում։ Այն ներս է մտնում միայն նրա համար, որ հնարավորինս շուտ նորից դուրս գա։

Հետաքրքրությունը ուսուցման գլխավոր ուղիներից մեկն է։ Երեխան պետք է հնարավորություն ունենա ուսումնասիրելու իրական աշխարհը, ոչ թե միայն մեծահասակի հետևից կրկնելու պատրաստի բանաձևերը։ Պետք է օգնել երեխային տեսնել, դիտարկել, հարցեր տալ, պատասխաններ փնտրել, կասկածել ու եզրակացություններ անել՝ ձևավորել ինքնուրույն մտածողություն։

4. Գնահատականները կրթության նպատակը չեն

Ուսուցման մեջ գնահատականներ չպետք է լինեն։ Ոչ միայն դպրոցում՝ ընդհանրապես ուսուցման մեջ։ Գնահատականը չափազանց հաճախ դառնում է երեխային վերահսկելու մեխանիզմ և միջոց՝ նրան ստիպելու զբաղվել այն բանով, ինչը նրա համար հետաքրքիր չի դարձել։

Երեխայի նկատմամբ վերաբերմունքը չպետք է կախված լինի նրա ուսումնական հաջողություններից։ Մարդը «տաս» ստանալուց ավելի լավ մարդ չի դառնում, իսկ «երկուս» ստանալուց՝ ավելի վատը։ Գնահատականները որևէ կապ չունեն երեխայի երջանկության հետ։ Բայց դրանք կարող են դառնալ սթրեսի, նվաստացման, վախի և հոգեբանական տրավմայի աղբյուր։

Իմ ստեղծած կրթական նախագիծը կոչվում է «Երկուս»։ Ես այն այդպես եմ անվանել, որպեսզի ծնողների, մանկավարժների և բոլոր մեծահասակների ուշադրությունը հրավիրեմ այն բանի վրա, որ գնահատման երևույթը և երեխայի նկատմամբ վերաբերմունքը՝ հիմնված նրա դպրոցական հաջողությունների վրա, երիտասարդների շրջանում հանգեցնում են ինքնասպանության դեպքերի և ճնշող, սթրեսային, բացասական ազդեցություն են թողնում հոգեկանի վրա։

Մենք չպետք է երեխաներին բաժանենք լավերի ու վատերի՝ կախված այն բանից, թե որքան հաջող են նրանք կատարում մեծահասակների առաջարկած առաջադրանքները։ Պետք է ստեղծել ոչ թե երեխային գնահատելու համակարգ, այլ աջակցության, մոտիվացիայի և զարգացման խրախուսման համակարգ։ Երեխան մեզ մոտ չի գալիս նրա համար, որ մենք չափենք նրան ու ցույց տանք նրա տեղը մյուսների մեջ, այլ լույսի, ազատության, սիրո համար։

5. Երեխայի նկատմամբ բռնությունն ու նվաստացումը անթույլատրելի են

Ֆիզիկական պատիժները խստիվ անթույլատրելի են։

Երեխայի հետ նվաստացուցիչ ձևով վարվելն անթույլատրելի է։ Չի կարելի բղավել երեխայի վրա։ Չի կարելի սեփական զայրույթը թափել երեխայի վրա։ Չի կարելի նրան նվաստացնել, վախեցնել, կոտրել նրա կամքը, նրա հետ վարվել այնպես, կարծես նա ստրուկ կամ հնազանդ էակ լինի, որը պարտավոր է անվերապահորեն կատարել մեծահասակի հրահանգները։ Երեխան ունի իր ձայնը։ Մեծահասակներն իրավունք չունեն երեխաներից խլելու նրանց ձայնը։

Երեխաների և դեռահասների նկատմամբ հոգեբանական և հուզական բռնությունն էլ է բռնություն։ Այն կարող է դրսևորվել բղավոցներով ու ահաբեկմամբ՝ «Ձայնդ կտրի՛ր ու արա՛ այն, ինչ քեզ ասում են»; վիրավորանքով ու նվաստացմամբ՝ «Դու հիմար ես»; սերն ու կապվածությունը կորցնելու սպառնալիքով՝ «Եթե քեզ այսպես պահես, ես քեզ այլևս չեմ սիրի»; զգացմունքների արժեզրկմամբ՝ «Հերիք է լաց լինես», «Դու ընդհանրապես ի՞նչ խնդիրներ կարող ես ունենալ»; երեխային ներշնչելով, որ նա ոչ ոքի պետք չէ՝ «Քեզ հետ միայն խնդիրներ ունենք»; մեղքի զգացում պարտադրելով՝ «Մենք ամեն ինչ քեզ համար ենք անում, իսկ դու այսպե՞ս ես մեզ հատուցում»; ուրիշների հետ համեմատության միջոցով նվաստացնելով՝ «Քրոջդ նայի՛ր՝ նորմալ երեխա է, իսկ դո՞ւ»; որպես պատիժ՝ անտեսելով՝ «Ինձ համար դու հիմա գոյություն չունես»; երեխայի սեփական կարծիքն ու կամքը ճնշելով՝ «Քո կարծիքը ոչ ոք չի հարցրել», «Քանի դեռ իմ տանն ես ապրում, կանես այն, ինչ ես կասեմ»; անձնական կյանք ներխուժելով՝ «Ինձնից գաղտնիքներ չպետք է ունենաս»; վախերը, արտաքին տեսքը, զգացմունքները կամ անձնական հարաբերությունները ծաղրելով՝ «Ի՞նչ սեր է քո տարիքում»; հրապարակային նվաստացմամբ՝ «Բոլորդ նայե՛ք, նորից միայն դու ոչինչ չես արել»։

Բռնությունը չի կարելի արդարացնել դաստիարակությամբ։ Նվաստացումը չի կարելի արդարացնել երեխայի ապագայի մասին հոգատարությամբ։ Բղավոցը չի կարելի արդարացնել նրանով, որ մեծահասակը հոգնել է։ Հարկադրանքը չի կարելի արդարացնել «այդպես ավելի լավ կլինի» խոսքերով։ Եթե երեխայի և մեծահասակի միջև հակամարտություն է առաջանում, մեծահասակի խնդիրը երեխային ճնշելը չէ, այլ հասկանալը, թե ինչ է կատարվում, նրա հետ խոսելը, նրան լսելը և այնպիսի լուծում գտնելը, որը հարգում է երեխային որպես մարդու։

Երեխան մարդ է։ Նա ուզում է երջանիկ լինել։ Նա ուզում է, որ իրեն հասկանան։ Նա ուզում է, որ իրեն սիրեն։ Նա ուզում է ընկերներ ունենալ, ունենալ սեփական կարծիքի իրավունք, զգալու իրավունք, ցանկանալու իրավունք, սխալվելու իրավունք և ինքն իրեն լինելու իրավունք։ Երեխան ստրուկ չէ։ Երեխան մեր երջանկությունն ու լույսն է։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխայի կյանքում ամեն ինչ լավ դասավորվի։